ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կգա ու կասի իր անվճռական խոսքը

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կգա ու կասի իր անվճռական խոսքը
15.03.2015 | 13:15

Մարտի 12-ին ի թիվս 7 կուսակցությունների՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի հետ: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում էր:

Նախագահի հետ հանդիպած ու չհանդիպած կուսակցություններից ոչ մեկի վերաբերյալ այդպիսի աղմուկ չբարձրացավ՝ որքան «Ժառանգության»: Արդեն քննարկվում է նույնիսկ կուսակցության ռեալ տրոհման հարցը: Քննադատության առումով «Ժառանգության» դեպքը յուրահատուկ էր՝ քննադատում էին ոչ թե այլ քաղաքական ուժերը, քաղաքագետները, այլ՝ կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, որ շրջելով մարզերում՝ հայտարարում է, թե Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը պետք է հեռացվեն կուսակցությունից: Զարուհի Փոստանջյանի էքստրավագանտ կեցվածքը վաղուց ինքնատիպ չէ, նա սովորաբար պայքարում է բոլորի ու ամեն ինչի դեմ, բայց այս անգամ այդ պայքարը շատ կոնկրետ հասցե ուներ ու շատ խախուտ հիմնավորում:
Քաղաքական դաշտի հետ կազմակերպված հանդիպումներում «Ժառանգությունը» միակը չէր, ոչ էլ բանակցություններն էին սեպարատ պայմանավորվածություններ, որ կողմերի` միմյանց նկատմամբ փոխադարձ պարտավորություններ էին արձանագրում: Սկզբունքներին դավաճանության, չընտրված նախագահի լեգիտիմացման և համանման այլ մեղադրանքներ ներկայացնելուց առաջ Զարուհի Փոստանջյանը լավ մոռացել է, որ կուսակցության նախագահը առաջինը «լեգիտիմացրեց» գործող նախագահին՝ հանդիպելով նրա հետ, եթե նման խնդիր կար, որից հետո մեկնեց Մոսկվա՝ հաղթանակ բերելու, դավաճանելով ինքն իր իրավատիրոջ սկզբունքներին: ՈՒրեմն ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչն է այդպես մտահոգել Ֆլետչերի դպրոցի սան Զարուհի Փոստանջյանին, որ ի՞նքը չի հանդիպել, որ կուսակցության վարկի՞ հետ են խաղացել, որ կասկածի տակ են դրել «Ժառանգության» ընդդիմադիր իմիջը, որ քաղաքական դաշտում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները պետք է լինեն միայն ու միայն պատերազմական և որևէ համատեղ քննարկում բացառվում է, որովհետև բացառվո՞ւմ է: Մոռացե՞լ է, որ ինքն էր դեմ եռյակին, երբ իշխանափոխության հարց էր դրվել:
«Ի՞նչ է եղել նախագահականում, որ այդպես զայրացրել է Ձեր կուսակից Զարուհի Փոստանջյանին»,- հարցրի «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:
-Ինչ եղել է՝ հրապարակվել է: Գնացինք, ներկայացրինք մեր առաջարկները: Սերժ Սարգսյանը բերեց իր փաստարկները, մենք՝ մեր հակափաստարկները, ասաց, որ կքննարկեն և կպատասխանեն՝ առանց կոնկրետ ժամկետ նշելու: Ոչ հայեցակարգ ենք քննարկել, ոչ որևէ այլ հարց: Սովորական քաղաքական հանդիպում էր: Նմանատիպ բազմաթիվ այլ քաղաքական հանդիպումներ և քննարկումներ մենք ունեցել ենք գրեթե բոլորի հետ: «Ժառանգությունը» միշտ բաց է եղել քննարկումների համար՝ անկախ նրանից, թե տվյալ քաղաքական գործիչը կամ քաղաքական ուժը հասարակության կողմից ինչ գնահատականի է արժանացել՝ դրակա՞ն, թե՞ բացասական: Մենք ոչ թե քննարկել ենք Սահմանադրության բարեփոխումների գործընթացը, այլ՝ պայմանները, որոնց դեպքում «Ժառանգությունը» կմասնակցի արդեն բովանդակային քննարկումներին: Դա ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ է արձանագրել, որ որոշ քաղաքական ուժեր անգամ պայմաններ են ներկայացրել: Ոչ մեր, ոչ Սերժ Սարգսյանի կողմից ասվածների մեջ նորություններ չեն եղել, ասվել է այն, ինչ մենք բազմիցս հայտարարել ենք մամուլում՝ անցում 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակում, հանրաքվեից հետո անմիջապես արտահերթ ընտրություններ, Հայաստանի ինքնիշխանության հետ կապված Սահմանադրության որևէ փոփոխության բացառում, այդ թվում՝ հանրաքվեով, և կուսակցությունների պետական անկախ ֆինանսավորում: Այսքանը: Կընդունվի՝ կընդունվի, չի ընդունվի՝ մենք կշարունակենք մեր պայքարը: Բոլորովին մտադիր չեմ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մեկնաբանել կամ պատճառները որոնել, կա կուսակցություն, որտեղ էլ ներկուսակցական հարցերը կքննարկվեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ներկուսակցական հարցերը կքննարկվեն, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնա ԱՄՆ-ից, ամենայն հավանականությամբ՝ ամսվա վերջին: Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը կամ կհանդարտվի, կամ՝ ավելի վճռական կդառնա իր քաղաքական կարիերան նախագահի թեկնածուի աստիճանի հասցնելու ճանապարհին: Թերևս վերջինը: Իսկ այդ ճանապարհին հաջողություն ունենում են նրանք, ովքեր գործում են համախոհների, թիմի ու կուսակիցների աջակցությամբ, ոչ թե նրանց գլուխների վրայով: Այս պատմությունը նման է իրավիճակին՝ երբ գողը բղավում է բռնեք գողին, հաճախորդը «բացահայտում է» այլ «հաճախորդների», ու՝ ինչո՞ւ:

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ